Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Եթե մի ամբողջ հասարակություն գիտե` որն է ճիշտը, բայց թույլ է տալիս, որ իրեն ստով կերակրեն, ուրեմն դրան էլ արժանի է»

«Եթե մի ամբողջ հասարակություն գիտե` որն է ճիշտը, բայց թույլ է տալիս, որ իրեն ստով կերակրեն, ուրեմն դրան էլ արժանի է»
13.02.2009 | 00:00

«ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ՊԵՏՔ Է ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱ»
Զրուցակիցս ՍԱՐԳԻՍ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ է։ 1994-ին նրա և Կարեն Արզումանյանի հիմնադրած «Empyray» ռոք խումբը հաստատուն քայլերով գծում է իր ճանապարհը։ Վերջին տարիներին երգերի մեծ մասի հեղինակը Գայանե Պալյանն է (ստեղնահար)։ Խմբի մյուս անդամներն են Դավիթ Խուրշուդյանը (բաս կիթառ), Կորյուն Բոբիկյանը (հարվածային գործիքներ)։
-Ասում են` երաժշտությունն ինքնանպատակ չի լինում։ Ինչպես ֆիզիկական վարժություններն են կոփում, մարզում մարմինը, այդպես էլ երաժշտությունն է որոշակի ազդեցություն ունենում հոգու, մտքի վրա։ Այդպե՞ս է։
-Իհարկե, երաժշտությունն ինքնանպատակ չէ, մանավանդ ռոք երաժշտությունը։ Համաձայն եմ նաև, որ այն դաստիարակում է մարդուն։ Պատահական չէ, որ մարդու նախընտրած երաժշտությամբ կարող ես պատկերացում կազմել նրա տեսակի, բնավորության մասին։ Երաժշտություն ստեղծողն ու լսողը ներաշխարհով մոտ են իրար։ Այսօր ռոք լսողների թիվն ամբողջ աշխարհում շատ մեծ է, մենք հաճախ ենք ասում, որ հասարակության առողջ հատվածն ուղիղ համեմատական է ռոք լսողներին։
-Իսկ կա՞ որոշակի գաղափարախոսություն ռոքի հիմքում, ճի՞շտ է, որ այն բողոքի երաժշտություն է։
-Դա կապված է ստեղծագործողի ներաշխարհի հետ, իսկ բողոք իրենց գործերում կարող են արտահայտել նաև նկարիչը, դերասանը, լրագրողը։ Ռոքն ուղղակի երաժշտություն է, պետք չէ մեծ գաղափարներ փնտրել նրանում։ Կարծում եմ` անցած դարի 60-70 թվականներից այդ հարցն արդեն սպառված է։
-Բայց այսօր էլ շեշտվում է ռոք երաժշտության բացասական ազդեցության մասին։
-Դա խորհրդային քաղքենի մտածելակերպի իներցիա է, ասելիքի, համարձակության պակասի հետևանք, իսկ թե ռոք չլսելն ինչ բացասական ազդեցություն է ունեցել մեր հասարակության վրա, այսօր արդեն տեսանելի է։ Ռոքն անկեղծ երաժշտություն է։ Արդեն ասացի, որ այն բացասական է ընկալվում, եթե ստեղծողը վատ կերպար է։ Բայց երբեմն բացասական զգացմունքներ առաջացնող էլեմենտներով ոչ թե իրենք իրենց են մատնում, այլ ի ցույց են դնում հասարակության իրական դեմքը։
-Ո՞վ է Ձեր ունկնդիրը։
-Մեզ համար էլ զարմանալի էր. կար ռոք լսելու թաքնված պոտենցիալ, ինչն ուղղակի ճիշտ արթնացնել ու օգտագործել էր պետք։ Լավ իմաստով։ Մենք ունենք կայուն, նվիրված ունկնդիր։ Մեր համերգներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, և համաձայն չեմ, թե հասարակության մեծ մասը լսում է այն, ինչ այսօր մատուցում է հեռուստատեսությունը։ Ժողովուրդը լայն հասկացություն է։ Մենք շփվում ենք և տեսնում, թե ինչ են սիրում ու լսում գրագետ, երաժշտությունից հասկացող մարդիկ։ Վատ արտադրանքը սովորաբար կապում են լսարանի պահանջի հետ, ինչը վիրավորական է։ Կա, իհարկե, մի զանգված, որն ինչ էլ լինի կլսի, կարող են առավոտից երեկո անցկացնել մի ռադիոալիքի ուղեկցությամբ, որովհետև դա նրանց համար ընդամենը ֆոն է։
-Հայկական ռոքի մասին ի՞նչ կասեք։
-Հայկական ռոքը տարբեր ժամանակներում մեկ վերելք, մեկ անկում է ապրել, բայց միշտ էլ եղել է։ ՈՒնեցել ենք և՛ անհատ երաժիշտներ, և՛ խմբեր, ի դեպ, միջազգային չափանիշներին ոչնչով չզիջող։ Ցավոք, 80-ականներին շատերը հեռացան երկրից, մի մասը ցրվեց, ոմանք էլ անցան ուրիշ գործերի։ 90-ականների սկզբին եկավ մի ուրիշ սերունդ, որի ներկայացուցիչն ենք նաև մենք։ Հետո այդ սերունդն էլ զտվեց։ Այսօր կան նորաստեղծ լավ խմբեր, պարզապես դեռևս հայտնի չեն հասարակությանը։ Կարծում եմ` ժամանակը կլուծի այդ խնդիրը։ Մենք էլ, որքան կարող ենք, մեր ճանապարհը հարթելուն զուգընթաց օգնում ենք նաև նրանց։
-Պատմեք Ձեր խմբի մասին։
-Կարծում եմ` մեր երաժշտությունն արդեն իսկ շատ բան պատմում է։
-Ամուսնացա՞ծ եք։
-Այո։
-Ինքներդ հիմնականում ռո՞ք եք լսում։
-Ոչ միայն ռոք։ Եթե երաժշտությունը լավն է, ուղղությունը կապ չունի։
-Մերոնցից ո՞ւմ եք սիրում կամ գնահատում։
-Արթուր Մեսչյան, Ռուբեն Հախվերդյան, Ֆորշ, Ռադիկ Գաբրիելյան։ Ի դեպ, որպես օրինաչափություն, արվեստագետը որքան շնորհալի է, այնքան քիչ է երևում։ Իմ սերնդակիցների մեջ էլ կան ստեղծագործողներ, ովքեր չեն ենթարկվում ցածրարժեք երաժշտություն պահանջող շուկայի պահանջներին. Արսեն Սաֆարյան, Հայկո, Արման Էլբերտ, Աննա Խաչատրյան, Տիգրան Պետրոսյան և էլի ուրիշներ, որոնց այս պահին գուցե մոռացա։
-Մենահամերգից հետո ի՞նչ զգացողություն եք ունենում։
-Ֆիզիկական հոգնածություն, հոգեկան բավարարվածություն։ Փակում ես մի էջ` նոր էջ սկսելու պարտավորվածությամբ։ Հակառակ դեպքում փակված էջը կարող է վերջինը լինել։ Փառք Աստծո, մեր գործունեության մեջ վակուում չկա։ Հիմա մենք զբաղված ենք երկրորդ սկավառակի աշխատանքներով, նկարահանում ենք երկու տեսահոլովակ։ Եթե ամեն բան լավ լինի մեր և երկրի կյանքում, ապրիլին կկայանա շնորհանդեսը։
-Ինչպե՞ս եք ապրում, ավելի շատ տխո՞ւր եք լինում, թե՞ ուրախ։
-Ինչպես բոլոր նորմալ մարդիկ։ Ոչ քրոնիկ ուրախությունն է լավ, ոչ էլ քրոնիկ տխրությունը։ Թեև աշխատում եմ տխուր չլինել, որովհետև տխրությունը կարող է ինչ-որ բան փչացնել։
-Արվեստագետները տարբերվո՞ւմ են ապրելակերպով։
-Գուցե տարբերվում են, բայց չեմ ընդունում, թե արվեստագետը պետք է տարօրինակություններ ունենա. ընդամենը սովորական հայ է` լավ իմաստով։
-Իսկ ինչպիսի՞ն ենք մենք` հայերս։
-Աշխարհի ժողովուրդները դարեր շարունակ աշխատում են, ստեղծում և վայելում, այսինքն` ապրում, մինչդեռ ինձ թվում է, թե հայերս ինքնահաստատման կարիք ունենք։ Մենք մեզ համոզում ենք, որ հին ժողովուրդ ենք, լավն ենք, գլուխ ենք գովում, թե երբ մենք թատրոն ունեինք, մեզ այսօր ուղղություն ցույց տվողները ծառերի վրա էին։ Ինչպե՞ս է պատահել, որ հիմա նրանք ծառերից ցած են իջել և մեզ քաղաքակրթության դասեր են տալիս։ Դա դեմագոգիա է։ Կարծում եմ` այդ արժեքային համակարգը մշտապես խանգարել է մեր ժողովրդին։
-Գուցե դա փոքր ազգերին բնորոշ հատկանի՞շ է։
-Համաձայն չեմ, որովհետև կան փոքր ազգեր, որ առողջ ու լավ են ապրում։ Մի հին ասացվածք կա` «Ստահակների վերջին հանգրվանը հայրենիքն է»։ Այսօր, երբ հասարակությունն ինչ-ինչ հարցերի պատասխանը չի գտնում, հայտնվում են տարբեր տեսակի, տարբեր գույնի գործիչներ, սկսում են «ուղեղ լվանալ»` բոլոր խնդիրները կապելով մեր անցյալի ու ապագայի հետ։ Խոսում ես այսօր մուրացիկություն անող սոված երեխայի մասին, իսկ նրանք ասում են` դա չէ կարևորը, ավելի լավ է հիշել, թե ինչ է եղել հարյուր տարի առաջ։ Այսինքն` մենք այսօր այն ենք, ինչ կանք։ Տիեզերքում ոչ մի բան պատահական չի լինում։ Եթե մի ամբողջ հասարակություն գիտե` որն է ճիշտը, բայց թույլ է տալիս, որ իրեն ստով կերակրեն, ուրեմն դրան էլ արժանի է։
-Ըստ Ձեզ, ո՞րն է մտավորականի դերը իրավիճակի առողջացման հարցում։
-Այսօր ավելի շատ տեսնում ենք, թող ներվի ասել, փտած մտավորականների, որոնք հայտնվում են հինգ տարին մեկ։ Մտավորական լինելու նրանց ֆունկցիան այն է, որ հերթ են կանգնում քծնելու համար (կարևոր չէ` որ ճամբարի դռան առաջ) և դեռ փորձում են դաս տալ մի ամբողջ ժողովրդի։ Բայց, կարծում եմ, այնքան առողջ հատիկ կա ժողովրդի մեջ, որ տեսնում է` ով ով է։ Քաղաքական գործիչները պետք է իրենց թույլ չտան շրջապատվել նման մտավորականներով։ Այսօր կան բարձր մտավորականներ, որոնց խոսք չի հասնում, մինչդեռ ժողովուրդն ունի հենց նրանց խոսքի կարիքը։ Մտավորականը պետք է անհատ լինի, իսկ անհատն ընդհանուր հոտի մեջ չի մտնում, որին ինչ ուղղությամբ ուզում, շարժում են։ Ինձ համար մտավորականը Արթուր Սահակյանն է (ռեժիսոր), Սերգեյ Դանիելյանը (դերասան)։ Նրանք ասելիք ունեն իրենց բնագավառում, ու եթե անհրաժեշտություն կա խոսք ասելու, ասում են ոչ թե դուր գալու համար, այլ որովհետև այդպես են մտածում։
-Կյանքի գույներից ավելի շատ սև ու սպիտա՞կն եք նախընտրում, թե՞...
-Այսօր, ցավոք, մեր կյանքը սև-սպիտակի մեջ է, մինչդեռ որքան գունավոր լինի, այնքան լավ։ Բայց այդ գույներն էլ պետք է բնական լինեն։ Չեմ սիրում ներկովի բաներ։
-Երգիչ-երգչուհիները, երաժշտական բազմապիսի նախագծերին մասնակցելուց զատ, հաճախ հաղորդումներ են վարում, նկարահանվում են սերիալներում։ Ձեզ չենք տեսնում այդ ասպարեզներում։ Չե՞ն հրավիրում, թե՞ հրաժարվում եք մասնակցելուց։
-Եթե հրավերները մեր սրտով չեն լինում, շատ քաղաքավարի մերժում ենք, որպեսզի չնեղացնենք ոչ ոքի։ Վերջերս շատ է խոսվում սերիալների մասին։ Ասես պատվերով մի թեմա է դրվում շրջանառության մեջ, և մարդիկ, ովքեր ասելիք չունեն, հերթափոխով սկսում են խոսել դրա շուրջ, մամուլի ասուլիսներ, կոնֆերանսներ հրավիրել։ Կարծես սերիալներն են մեղավոր, որ մեր կյանքում լավն այդքան քիչ է այսօր։ Դա խղճուկ մտածելակերպ է։ Եթե ուզում են և կարող են, ինչո՞ւ չեն ստեղծում բարձրարժեք գեղարվեստական ֆիլմեր, որպեսզի առաջին պլանում հայտնված սերիալները «գնան» իրենց տեղը։ Եվ դեռ փնովում են ուրիշի ստեղծածը։ Այլ հարց է, որ սերիալների զգալի մասն անհրաժեշտ որակը չունի։ Բայց ունենք, չէ՞, երկու-երեք լավ սերիալ։ Ի վերջո, բոլոր երկրներում էլ կան հեռուստասերիալներ։ Դա էլ արտադրանք է, որ պետք է զարգացնել, կայացնել։
-Արդեն «մոդա» է դարձել քննադատել սնկի պես «աճող» երգիչ-երգչուհիներին։ Այլ կերպ մոտենանք հարցին. լա՞վ է, որ մեր ժողովուրդն այդքան շատ է սիրում երգել։
-Փողոցում անգործ կանգնելուց լավ է։ Բայց թող երգեն իրենց ընտանիքների, հարազատների համար, ոչ թե հանդես գան հեռուստատեսությամբ։ Կարելի է կարծել` դա է երգը։ Երբեմն ամաչում ես, որ երգիչ ես։
-Ի՞նչ կասեք «Իրավունքը de facto»-ի ընթերցողին։
-Կասեի, որ պահպանեք ձեր սկզբունքները, երաժշտական ճաշակը, թույլ մի տվեք ամեն տեսակ աղբ լցնել ձեր ականջը։ Իսկ ոչ կենդանի հնչողությամբ համերգների հաճախող հանդիսատեսին խորհուրդ կտայի 7000 դրամով տոմս գնելու փոխարեն 1500-դրամանոց ձայնասկավառակ գնել։ Միևնույն է, համերգի ժամանակ ձայնագրությունն են լսելու։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 5417

Մեկնաբանություններ